Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:43 15-10-2021

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով արձանագրվում է Ադրբեջանում բռնաճնշումների ուժգնացման փաստը

Նիդերլանդների խորհրդարանը սեպտեմբերի 14-ին գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որում արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Armenpress-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:

«Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1 -ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը և կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,- գրել է Յունուսովը:

Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի հետ կապված:

«Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին, դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճնշումներն ուժեղացել են»,- նշել է նա:

Յունուսովը նշել է նաև, որ դեկտեմբերի կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը: