Երևան +17°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:12 11-10-2021

Հետէրդողանական Թուրքիայի անորոշ ուրվագծումը

Վերջին շրջանում թուրքական և միջազգային մամուլում կրկին ակտիվացան տեղեկություններն ու քննարկումները հետէրդողանական Թուրքիայի մասին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է ոչ միայն այլևս ի վիճակի չլինել կառավարել երկիրը, այլ նույնիսկ դիմավորել իր համար այդքան սպասված 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, երբ ակնկալվում է էրդողանական «Նոր Թուրքիայի» ազդարարումը։ Էրդողանի առողջական լուրջ խնդիրների պատճառով սկսված քննարկումների հիմնական հարցադրումն այն է, թե ով է լինելու վերջինիս փոխարինողը։ Էրդողանի հավանական իրավահաջորդների մի շարք անուններ էին շրջանառվում փորձագիտական քննարկումներում, սակայն նրանից և ոչ մեկին Էրդողանի նախապատվության մասին չկա որևէ ընկալելի «արտահոսք» կամ հանրային նախապատրաստում։ Համենայնդեպս՝ հստակ դեռևս տեսանելի չէ։ Այդ հավանական թեկնածուների թվում են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և փեսան՝ Բերաթ Ալբայրաքը։

Նշվածները համարվում են Էրդողանի վստահելի հենարանները։ Բացի դրանից՝ գաղափարական առումով ևս նրանք նախագահի այսպես ասած «գլխավոր բազեներն» են։ Հիմնական քննարկումներում մինչև հիմա հիմնական հավակնորդներ էին համարվում Սուլեյման Սոյլուն և Բերաթ Ալբայրաքը, չնայած վերջիններիս հեղինակությունը սասանվեց ներքաղաքական ու կոռուպցիոն, հակաիրավական սկանդալային բացահայտումների պատճառով։ Իսկ փեսա Ալբայրաքը որպես ֆինանսների նախարար «չփայլեց» իր քաղաքական ու պետական կառավարման ձիրքով, որի վրա միգուցե Էրդողանը մեծ խաղադրույք էր կատարել։ Հուլուսի Աքարն ու Հաքան Ֆիդանն ավելի ընկալելի հանրային կերպարներ են, չվարկաբեկված ու կոռուպցիոն սկանդալներում չբացահայտված, սակայն նրանք էլ անընդունելի են հանրության ինչպես մի մասին, այնպես էլ ընդդիմության համար։ Հուլուսի Աքարի հաղթաթուղը առավելապես զինվորական լինելն է, հաղթական զինվորականի իմիջը։ Թեև զինվորականության նկատմամբ վերահսկողության հաստատմանն ու դրա վերաձևմանը և բանակում նրա անվիճարկելի հեղինակության մասին պնդումներին, դեռևս հարց է մնում բանակում նրա իրական աջակցության չափը, քանի որ 2016 թվականի հեղաշրջման փորձը շատ հարցականներ առաջացրեցին նաև հենց իր մասով, իսկ բանակում քեմալականների որսն ու զինվորականության հնազանդեցման էրդողանական երկարատև օրակարգի սպասարկումը չեն մեծացնում նրա առավելությունները։ Աքարն իր ազդեցությունն ու հեղինակությունը բանակում պահում է այսպես ասած «Էրդողանական համակարգի» ներքո, իսկ դրա բացակայության պարագայում այն կարող է դառնալ խնդրահարույց։ Հաքան Ֆիդանը երկար ժամանակ համարվում է Էրդողանի «գաղտնի ձեռքը» ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, Էրդողանի ու նրա մերձավոր շրջապատի ինստիտուցիոնալ լիազորություններով օժտված «վահանը» և նրա «ամենավստահելի քչերից» մեկը։ Սակայն նրա պետության ղեկը վարելու ունակությունները պետք է որ որոշ հարցականներ առաջացրած լինեն Էրդողանի մոտ 2012-13 թվականների ներքաղաքական բարդ զարգացումների ժամանակ։ Բացի դրանից՝ վերջինս չունի խարիզմատիկ առաջնորդի հատկանիշներ՝ ի տարբերություն Աքարի, թեև 2015 թվականին Դավութօղլուի հորդորով քաղաքական գործունեության հայտ էր ներկայացրել և ուներ քաղաքական լուրջ հավակնություններ։ Ինչևէ, հետէրդողանական Թուրքիայի նախագահի հավանական հավակնորդների վերաբերյալ քննարկումները առանձին բազմաշերտ ուսումնասիրության կարիք ունեն։

Էրդողանին հավանական փոխարինողի հարցը ինքնին առանցքային է և գլխավոր հարցադրումներից է, թե ինչպիսին կլինի Թուրքիան նրանից հետո։ Բնական է, որ կոնկրետ անձի նշանակությունն առանցքային է այս դեպքում, քանի որ անհատները շատ բան են փոխում։ Քեմալի ու Էրդողանի օրինակները դրա մասին են խոսում։ Իսկ հետէրդողանական զարգացումները տարբեր կարող են լինել՝ երկարատև անկայուն իրավիճակից մինչև էրդողանական գծի իշխանության կորուստ։ Թերևս ամենահավանական տարբերակներից կարող է լինել իշխող կուսակցության մասնատումը, ինչը որպես կանոն ներհատուկ է ուժեղ անհատների վրա հիմնված կուսակցություններին ու անձնիշխանությանը, հատկապես երբ նախկինում արդեն նման երևույթներ գրանցվել են՝ Գյուլի, Դավութօղլուի, Արընչի, Բաբաջանի ու նրանց սատարող կուսակցական լայն շրջանակների հեռացմամբ, անկայուն կոալիցիոն կառավարությունների ժամանակաշրջանը՝ ինչպես 1990-ականներին և այլն։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է։ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման 19 տարիների ընթացքում (ինչն աննախադեպ էր 1920-40-ական թթ․ քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության միակուսակցական 30-ամյա իշխանությունից հետո) Թուրքիայի պետական ինքնության, գաղափարախոսության ու հասարակության, պետական կառավարման համակարգի ու փիլիսոփայության վերակերտման այնպիսի խորքային տեղաշարժեր են գրանցվել, որ դրանք դեռևս ուղղորդելու են այդ երկրի ինչպես ներքաղաքական-հասարակական, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացները ով և ինչպիսին էլ լինի հետէրդողանական իշխանությունը։

Ամենից շատ դիտված