copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:46 22-09-2021

Էրդողանի հայտարարության նրբերանգներն ու թիրախները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-9-ը Վրաստան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ մամուլում լուրեր տարածվեցին Բաթումիում վերջինիս «անհետացման» և թուրքական կողմի բանագնացների հետ հավանական հանդիպման մասին։ Որևէ պաշտոնական բացատրություն կամ հերքում չտրվեց։ Փոխարենը, Թուրքիայի նախագահը ԱՄՆ կատարելիք այցից առաջ տված հարցազրույցում բացահայտեց, որ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Էրդողանը, պատասխանելով տխրահռչակ միջանցքը թույլ չտալու մասին հարցին, նշել է, որ «դա քաղաքական հարց է։ Մի կողմից դա հայտարարելը, մյուս կողմից էլ ինձ հետ հանդիպելու ցանկությունը մտածելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա արդեն պետք է հայտնի քայլերն արվեն․․․Վրաստանի վարչապետի միջոցով էլ է ինձ այդ ցանկությունը փոխանցել։ Որպեսզի այդ բանակցությունները լինեն, անհրաժեշտ է նրանց կողմից դրական մոտեցում ցուցաբերել և քայլեր անել․․․Աստված տա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դժվարին հարցը միջանցքների բացմամբ հաղթահարված կլինի»։

Վերջին շրջանում Անկարայից քաղաքական ուղերձներ էին հնչում Հայաստանի վերաբերյալ, ինչը Հայաստանի իշխանությունների կողմից որպես «դրական ազդակներ» էին որակվում՝ չնայած Անկարայի կոշտ, նախապայմանների վրա հիմնված հարկադրանքի քաղաքականությունը շարունակվում է, և դեռ ավելին` կոշտացել և համալրվել նորով։ Թուրքիան ուղղակի ասում է՝ «կկատարեք մեր պահանջները, կնստենք խոսելու»։ Հայաստանի վրա ճնշումների շրջանակը մեծացել է, այդ թվում՝ ռազմաքաղաքական հարթության մեջ։

Էրդողանի այս հայտարարությունը իր մեջ մի քանի թիրախներ ու նրբերանգներ ունի։ Նախ, իրեն հատուկ, սակայն կոնկրետ դեպքերում դիտավորյալ ոչ դիվանագիտական ու արհամարհական ոճով ցույց է տալիս «հնարավոր զրուցակցի» նկատմամբ ընդգծված վերաբերմունքը՝ ի ցույց դնելով «իր մեծահոգությունը» կամ պատրաստակամությունը։ 1990-ականներից ի վեր հայ-թուրքական պաշտոնական առկա ու հեռակա շփումներում երբևէ թուրքական կողմը չի փորձել անցնել դիվանագիտական էթիկետը՝ չնայած բարդ ու դժվարին գործընթացներին։ Սա հաղթողի դիրքերից կամ Էրդողանի՝ որպես նորօրյա «Ղազիի» կերպարով հանդես գալու դրսևորումն է։

Միևնույն ժամանակ հստակ առաջադրում է կոնկրետ քայլեր, որոնք վերաբերում են թուրքական երազանքի՝ «միջանցքի» բացմանը։ Էրդողանը հստակ արձանագրում է, որ «միջանցքի» հարցը քաղաքական է, տնտեսական-կոմունիկացիոն բաղադրիչը երկրորդական, այսինքն՝ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի Անկարայի համար, ինչպես սեփական հավակնությունների, այնպես էլ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ իր հարաբերություներում խաղարկման տեսանկյունից։

Էրդողանը նշում է, որ «նաև Վրաստանի վարչապետի միջոցով էլ» է հանդիպման առաջարկը փոխանցվել իրեն, ինչը նշանակում է, որ այլ առաջարկներ ու միջնորդներ են եղել, ինչը անպատասխան է թողնվել թուրքական կողմից, իսկ պաշտոնական Երևանը կրկին լռել է։ Էրդողանը այս հայտարարությամբ «գնդակը գցեց» պաշտոնական Երևանի կիսադաշտ, թեև արդեն հարվածային լուրջ դիրքով։ Պատահական չէր, որ նման առաջարկի գոյության մասին առաջինն ինքը հայտարարեց, կիսաբացեց խաղաքարտերը՝ Փաշինյանին թողնելով բարդ իրավիճակում։

Էրդողանի այդ ուղերձն ավելի շուտ ուղղված էր միջազգային «թիրախներին»։ Օրինակ, այդ հայտարարությունն արեց ԱՄՆ այցի նախաշեմին՝ դրանով լուծելով նաև արտաքին քաղաքական մանևրի իր խնդիրները։ ԱՄՆ-ում Էրդողանը կփորձի «թանկ վաճառել» Հայաստանի հետ դրական գործընթացի հավանականությունը՝ դրանից բխող իր աշխարհաքաղաքական ու նաև ռազմաքաղաքական հետևանքներով ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Չի բացառվում, որ «արցախյան օրակարգը» ամերիկյան կողմի հետ շփումներում Էրդողանի դեմ ճնշումներից էր լինելու, իսկ նա կարող է հիշատակել իր «անկեղծ պատրաստակամությունն» ի ցույց դնելու մասին արդեն արված հայտարարությունը, այն էլ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Իսկ հայտնի նախապայմանի գոյությունը կարող է փորձել ամերիկյան կողմի մոտ լեգիտիմացնել նոյեմբերի 9-ով սկսված «հայ-ադրբեջանական օրակարգով»։ Իհարկե, հայտարարության հասցեատերերից մեկն էլ Ռուսաստանն է, որով Էրդողանը փորձեց առնվազն «իրազեկել» գործընթացի մասին՝ ցույց տալով ԱՄՆ կատարելիք այցից առաջ «բաց խաղալու» իր մղումը։

Պաշտոնական Անկարան պատերազմից առաջ խոսում էր սպառնալիքի լեզվով, ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ պատերազմի ժամանակ գործեց արդեն ուղղակի ռազմական ներգրավվածությամբ։ Էրդողանն իր ագրեսիվ հռետորաբանությունը վերածեց կոնկրետ գործողությունների։ Պատերազմից հետո Անկարան շարունակում է իր հարկադրանքի, թշնամանքի ու նախապայմանների քաղաքականությունը, իսկ Հայաստանի իշխանությունները՝ խոսում «դրական ազդակների» մասին։ Ակնհայտ է մեկ բան. Թուրքիայի հետ հարաբերվելու մեր մեկնարկային հանարավորությունները զրոյացված են, ռեսուրսները սպառված, ցանկացած նախաձեռնություն այդ ուղղությամբ ենթադրում է Անկարայից «թուրքականօրակարգի» թելադրում, ինչը և համակարգված ու ներդաշնակեցված տանում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ-թուրքական հարաբերությունների 30-ամյա պատմության մեջ լիովին այլ ու աննախադեպ իրավիճակ է, ուստի այդ հարցում որևէ շտապ նախաձեռնողականության համար ոչ պատեհ ժամանակաշրջան է Հայաստանի կենսական շահերի պաշտպանության տեսանկյունից։