copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:21 21-09-2021

Արցախյան պատերազմ․ կորուստների հաշվառում ու նոր իրականություն․ մաս 3

ՄԱՍ 3։ Պատերազմը և ռեգիոնում ռազմաքաղաքական փոփոխված միջավայրը

44-օրյա պատերազմը որակապես փոխեց ռեգիոնում ուժային հարաբերակցությունը։ Նախկինում հաստատված բալանսը հիմնովին խախտվեց ոչ հօգուտ ՀՀ-ի ու Արցախի։ Իրենից ներկայացնելով նոր աշխարհակարգի հաստատման տեղային դրսևորում՝ Արցախյան պատերազմը փոփոխեց նաև ռեգիոնալ ուժային բևեռների՝ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի շահերի պրիզման ու դրսևորումները․ նրանց մրցակցությունը մտավ նոր՝ էլ առավել սուր մրցակցային դաշտ։ Որքան էլ տարօրինակ է, այդ փոփոխություններում ՀՀ-ի ներկա ղեկավարությունը ակտիվ դերակատարում ունեցավ։

Կորցնելով Արցախի մեծագույն մասը ու ունենալով մարդկային ու նյութական ահռելի կորուստներ՝ հայկական կողմը մտավ աշխարհաքաղաքական մի մեծ խաղի մեջ, որի մասին ուներ առնվազն դիլետանտական ու կենցաղային պատկերացումներ։

2020թ․օգոստոսի «տավուշյան արկածախնդրությունը», ապա սեպտեմբերի 27-ի արցախ(հայ)-ադրբեջանական պատերազմը, որի մասին, ի դեպ, հայկական կողմը տեղեկացված էր ամիսներ առաջ, ի շնորհիվ ՀՀ-ի և Արցախի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը՝ տանուլ տրվեց։

Ռազմական պլանավորման ու կառավարման առումով մի շարք ձախողված ռազմական գործողությունները պայմաններ ստեղծեցին, որ մեր մարտական ստորաբաժանումները հատկապես հարավային հատվածում լրջագույն կորուստներ կրեն։ Այս փաստի մասով կա կարծիք, որ դրանց նպատակը հայկական ստորաբաժանումների հետագա դիմադրության ռեսուրսի սպառումն էր և դա եղել է քաղաքական որոշման արդյունք։ Եթե այս տրամաբանությամբ հարցին մոտենանք, ապա կարելի է փաստել, որ սա ՀՀ-ի ղեկավարության քաղաքական զիջողականությունը լեգիտիմորեն հիմնավորելու քայլ էր։ Մյուս կողմից, նշյալ թեզը վերահաստատվում է նաև այն փաստով, որ միջնորդ կողմերը (հատկապես ՌԴ-ն) հանդես էին գալիս հրադադարի հաստատման նախաձեռնություններով, որոնք, որքան էլ տարօրինակ է, մերժում էր հայկական կողմը։ Ի դեպ, այս հանգամանքը հաստատեց նաև ՀՀ-ի գործող վարչապետը իր հարցազրույցներից մեկում, երբ նշեց, որ եթե հրադադարի գնային, իրեն հետո կմեղադրեին վախկոտ ու դավաճան լինելու մեջ։ Տպավորություն է, որ անհրաժեշտ էր X քանակի մեծածավալ զոհեր, որպեսզի Արցախի հանձնման քայլը անհրաժեշտ լեգիտիմության հիմքով արվեր և հասարակությանը ներկայացվի, իբրև մենք չկարողացանք այն պահել, դեռ ավելին՝ կյանքեր ենք փրկել։

Հրադադարի չգնալը կարող էր նաև այլ նպատակադրում ունենալ․<նպատակ ունեինք կորցրածը ետ բերել, չկարողացանք, կորցրինք նաև մնացյալը, այսինքն ողջ Արցախը>։ Կա կարծիք, թե հենց դա էր այն հիմնական դրդապատճառը, որի արդյունքում ողջ Արցախն էր հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս թեզի գոյության իրավունքը հաստատող բազմաթիվ այլ հանգամանքներ էլ կան՝ սկսած նրանից, թե ինչու՞պատերազմից ամիսներ ամիսներ առաջ որոշ չինովնիկներ Արցախում սկսեցին շատ էժան գնով վաճառել գյուղատնտեսական նշանակության իրենց ահռելի հողերը, վերջացրած հեռախոսազանգերի ձայնագրություններ, պատերազմի ժամանակ զինվորականներին օժանդակություններ չուղարկելու դեպքեր, Շուշիի հանձնումը, փաստացի մեր հատուկ նշանակության ստորաբաժանումներին ոչնչացնելուն ուղղված հրամանները և այլն։

Ընդհանրացնելով պատերազմի թեման՝ կարելի է արձանագրել, որ այստեղ, ամենայն հավանականությամբ, տեղ է գտել երեք գործոն՝ դավադիր լինելու մի շարք հանգամանքներ, տարբեր մակարդակներում կազմակերպված ու անկազմակերպ քաոս, համակարգված մեդիա սուտ ու մանիպուլյատիվ պրոպագանա։

Խաղաղապահները և ռեգիոնը՝ նոր սրացումների սպասումով․ հայկական պետականության ապագան

Պատերազմի ավարտը տրվեց նոյեմբերի 9-ին հայկական կողմի կապիտուլացման եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական համատեղ հայտարարության ստորագրումով, որն իր մեջ այնպիսի դրույթներ էր պարունակում, որոնք ուղղակի սպառնալիքի տակ էին դնում ոչ միայն Արցախի գոյությունը, այլև ՀՀ-ի պետություն լինելու հեռանկարը։

Նշյալ հայտարարության ի կատար ածման ու հրադադարի անխախտելիության երաշխավոր հանդես եկավ միջնորդ կողմ Մոսկվան, իսկ խաղաղության երաշխավոր՝ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվեցին Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում և Բերձորում՝ նախնական 5 տարի գործառնման ժամանակահատվածով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ խաղաղապահների թիվը Արցախում հասնելու էր 1400-ի, սակայն Ստեփանակերտում անհատական առանձնազրույցների մակարդակում շրջանառվում է մոտ երկու անգամ առավել մեծ թիվ։ Նշենք, որ ռուսական խաղաղապահ առաքելության ռազմատեխնիկական միջոցների թվում առկա են մի քանի տասնյակ ՀՄՄ-2, «Տիգր» ու «Թայֆուն» տեսակի զրահապատ ռազմական մեքենաներ, թեթև կրակային տեխնիկա, բեռնատար տրանսպորտային միջոցներ և այլն։ Նշենք, որ ռուսական խաղաղապահները կառուցել են մեկ հիմնական և մի քանի տեղային բնակավայր-ավաններ, որտեղ և նրանք բնակվում են։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Արցախի գոտում պետք է լիներ առնվազն ռուսական կամ համատեղ 16 անցակետ–ուղեկալ։ Այս պահին ռուսական խաղաղապահները ադրբեջանցիների ու թուրքերի հետ համատեղ վերահսկում են Շուշիով Ստեփանակերտ տանող ճանապարհի խաչմերուկային հատվածը։ Ռուսական խաղաղապահներ են կանգնած արցախ-ադրբեջանական շփման «վիրտուալ» գծի միջանկյալ բոլոր հատվածներում։ Միաժամանակ ռուսական կողմը թուրքական կողմի հետ միասին Ակնայի շրջանում գտնվող հրամանատարական մոնիթորինգի կետից ԱԹՍ-ի և դիրիժաբլի միջոցով վերահսկում են Արցախի երկինքը։


Առանց չափազանցության կարելի է նշել, որ ռուսական ներկայությունը Արցախում նրա հայ ազգաբնակչության չցեղասպանվելու միակ երաշխիքն է։ Իրողությունն այսօր այն է, որ հայկական քաղաքական ու անվտանգային ավանդույթը հարյուրամյակներ շարունակ մեկ հիմնական թեզի շուրջ է ձևավորվել ու շարունակումէ ձևավորվել․ դա չբնաջնջվելն է, չցեղասպանվելը։

Աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական առումով այսօր ռեգիոնում իրավիճակը բավական բարդ է։ Ռեգիոնալ բոլոր խաղացողները մրցակցության նոր ու բավական սուր փուլում են գտնվում։

Այն վերլուծաբանները, որոնք կարծում են, թե ձևավորված իրավիճակը ձեռնտու էր ռուսներին, սխալվում են առնվազն մեկ կարևորագույն բաղադրիչի մասով․ Թուրքիան առաջին անգամ փաստացիորեն ռազմաքաղաքական առումով թափանցել է հարավկովկասյան ռեգիոնից ներս և ռուսները այսօր ստիպված են այդ՝ իրենց համար խնդրահարույց իրողության հետ հաշվի նստել։ Փաստացիորեն դեռ պատերազմական փուլից Անկարան է կառավարում Ադրբեջանի զինուժը․ ի դեպ, հենց Թուրքիայի նախաձեռնությամբ ու պահանջով էր, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետ Ն․Սադիկովը պաշտոնազրկվեց որպես ռուսամետ գործիչ։ Սա վիճակ է, որ անկասկած չի բխում ՌԴ շահերից։

Այս փաստը խնդրահարույց է նաև Իրանի համար, որը հասկանում է, որ ինքը ցամաքային շրջափակման մեջ է հայտնվում և հենց այս կոնտեքստում է պետք հասկանալ Սյունիքի՝ ՀՀ-ին պատկանելու փաստի մասով Իրանի կոշտ հայտարարութւոնները, և ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավոր իրեն համարելը։

Մյուս կողմից ակնհայտ է, որ այսօր գործարկվող մեծ սցենարը դեռ շատ վաղուց ուներ անխախտ մի տրամաբանություն, որը փորձ էր արվել գործարկել դեռ 2008-ին․ դա ՀՀ-ին ՌԴ-ի անվտանգության միջավայրից ու ազդեցության գոտուց հանելու և այլ՝ թուրքական և արևմտյան ազդեցության գոնի մտցնելու ռազմավարություններ էր։ Իհարկե այդ սցենարը այլ փաթեթավորմամբ փորձեցին վերագործարկել 2008-ի հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությամբ», սակայն լավ ենք հիշում ինչ ստացվեց։

Պարզ է, որ մեր ռեգիոնի բանալին հայ-թուրքական հարաբերությունների մեջ է։ Թուրքիային դիտելով որպես էկզիստենցիալ սպառնալիք՝ ՀՀ-ն իր ռազմական անվտանգության ապահովման համար դաշնակցում է ՌԴ-ի հետ, դրանից բխող հնարավորություններով ու ռիսկերով։ Թուրքիան, որ վերջին տասնամյակներում ինքնուրույնության տարբեր աստիճանների է հասել, փոփոխական պարբերականությամբ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման նախապայմաններ էր հայտարարում ցեղասպանության օրակարգից ՀՀ-ի հրաժարվելը և Արցախի հարցը։ ՀՀ տարբեր ղեկավարներ այս հարցերի շուրջ բավական տարբեր մոտեցումներ են ունեցել․ եթե Լ․ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր գնալ հայ-թուրքականի կարգավորմանը՝ նաև այդ թվում Արցախի թեմայով իր հայտի դիրքորոշման համատեքստում, ապա Ռ․Քոչարյանը այս հարցում շատ ավելի ոչկոմպրոմիսային էր։ Լ․Տեր-Պետրոյանի դիրքորոշումների մի զգալի մասով կիսում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Ս․Սարգսյանը՝ իր սրբագրումներով։

2018-ից հետո, երբ ՀՀ-ում իշխանության բերվեց Ն․ Փաշինյանը, նրա դիրքորոշումների քաոսային ձևակերպումների ներքո երկու հստակ ուրվածգում էր տեսանելի․ հանրային ու մեդիա մանիպուլյացիաների ներքո Արցախի բանակցային թեման ուղղորդվում էր հստակ տեսանելի սխալներով ու ոչ հայամետ, ոչ արդյունավետ բանակցային դիրքորոշումներով, որոնք համեմվում էին պաթոսով, պոպուլիզմով ու զգայականությամբ («Բանակցություններ իմ կետից», «Արցախը պարտադիր կողմ է բանակցությունների ու առանց նրա բանակցություն չի լինի», «Արցախը Հայաստան է և վերջ»)։ Մյուս կողմից սրբապղծվում էր ամեն բան, ինչ կապված էր Արցախի, մեղ հաղթանակի, այն կերտողների հետ։ Արցախը հանրային ընկալում մատուցվում էր որպես բեռ։

«Հեղափոխականների» թիմի մեջ հստակ տեսանելի էր նաև հակառուսականության («Putin caputed in Karabakh» և այլն) քարոզչությունը՝ այդ թվում ներհասարակական ոլորտում, որին զուգահեռ ռեգիոնում խաղաղության ու համագործակցության թեզեր էին օրակարգ մտցվում։ Ակնհայտ էր, որ խաղաղության ու համագործակցության օրակարգերը պետք է կապված լինեին Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հետ և այն գինը, որ վճարվելու էր, ինչպես կյանքը ցույց տվեց, նորերի համար ընդունելի էր։ Հենց դա էր նաև պատճառը, որ վերջին պատերազմը որոշ փորձագետներ անվանում են իմիտացիոն դիմադրության գործողություն, այսինքն քաղաքական պայմանավորվածության իրականացման ռազմական նահանջի սցենար։

Վերոնշյալ զարգացումներին բնականաբար ուշի ուշով հետևում էին Իրանն ու ՌԴ-ն․ հետևելով՝ ներգրավվում նոր օրակարգերի մեջ, նախապատարստվում կանխատեսելիին։

Մոսկվայում շատ լավ գիտակցում էին, որ իրենց համար ռազմավարական առումով արժեք ներկայացնում է ոչ այնքան Երևանը, որքան Արցախն ու Սյունիքը։ Իսկ Երևանում կար լիովին այլ պատկերացում այս առումով։ Իզուր չէր, որ անգամ պատերազմից հետո հայկական կողմը (երբ ադրբեջացիները մտան Սյունիք ու Սոթք, այնտեղ զորք տեղակայեցին, հայ զինվորներ սպանվեցին) առանց սեփական երկրի սահմանները պահպանելու հանձնառության՝ առաջին հերթին դիմեց դաշնակիցներին՝ ռուսներին ու ՀԱՊԿ-ին։ Ի դեպ, կա կարծիք, որ սա նույնպես պլանավորված էր․ նախ փորձ էր արվում եղած վիճակում խնդիրները գցել ռուսների գրպանը․(նման գործելաոճ ժամանակին որդեգրել էր Վրաստանը Աբխազիայի և Հվ․ Օսիայի հետ կապված՝ փորձելով այն գցել ՆԱՏՕ-ի և Արևմուտqի գրպանը, որն, իհարկե, չստացվեց)։ Մյուս կողմից՝ շտապողաբար դիմելը ՀԱՊԿ-ին դա այդ կառույցը ապալեգիտիմացնելու փորձ էր, որը հիմնավորելու էր, անվտանգության նախկին համակարգից պոկվելու և նոր անվտանգային և քաղաքական բևեռին միանալու փաստարկը։

Արցախի հարցում նման իրավիճակը, երբ, փաստորեն, խնդրի շուրջ հիմնական դերակատարներ դարձան ՌԴ-ն ու Թուրքիան, իսկ ԵԱՀԿ-ն փաստացի դիտորդի կարգավիճակ էր ստանձնել Արևմուտքին ձեռնտու չէր։ Պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնը նշյալ իրողություններից ոչ միան դուրս չմնալու, այլև ռեգիոնում նոր և թարմացված կարգավիճակ ունենալու՝ հատկապես Իրանի շուրջ հնարավոր գործընթացների ներքո սկսեցին հայտարարություններով հանդես գալ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ Արցախի խնդիրը չի լուծվել, քանի որ չկա կարգավիճակի հստակեցում։ Ավելին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, թե չի իրացվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը (https://lurer.com/?p=434115&l=am

Սա ԱՄՆ-ից եկող նոր ազդակ էր ու նոր իրավիճակ, որ մենք խաղից դուրս չենք գալու ու եթե հարկ լինի կսկսենք նաև հայանպսատ թեզեր առաջ տանել․ մինչդեռ իրականում սա գործընթացից դուրս չմնալու, գործընթացը ռուսների տակիս տանելու ու նորովի դիրքավորվելու քայլ էր։

Այսօր՝ պատերազմից արդեն մոտ մեկ տարի անց, Արցախի խնդիրը հանրային ընկալման մեջ դարձել է երկրորդային․ ավելին՝ Արցախից ազատվելը ՀՀ գործող իշխանությունների մոտ կարծես ստացվել է։ Այն այլևս ՌԴ-ի անվտանգության տիրույթի ապահովման հարց է դարձել․ կկարողանա՞ն ապահովել, լավ է, չեն կարողանա ապահովել՝ ներհասարակական միջավայրում կսկսեն շրջանառել «ռուսները Ղարաբաղը ծախեցին» թեզը։

Մինչդեռ այսօրվա օրակարգն այլևս Սյունիքն է․ կարելի է արձանագրել, որ իրականում այն հենց ամենասկզբից էր օրակարգ, քանի որ ռեգիոնալ կտրվածքով հենց Սյունիքն է աշխարհաքաղաքական բովանդակություն ունեցող տարածք, ոչ թե Երևանն ու Արարատը։ Սյունիքը ՀՀ-ի աշխարհաքաղաքական հիմնական ռեսուրսն է, որն այսօր փաստացիորեն նույնպես գտնվում աճուրդի մեջ։ Հենց այն հանգամանքը, որ Սյունիքի անվտանգությունը հանձնվել է ռուսներին,այդ նույն գրպանը գցելու քաղաքականություն է։ Կկարողանա՞ն ապահովել անվտանգությունը, լավ է, հայկական կողմը գլուխ կգովա իր ժողովրդի առջև, չեն պահի, կասեն «ռուսները Սյունքիը ծախեցին»։

Մինչդեռ Սյունքիը «կարմիր գիծ է», ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Իրանի համար։ Քայլերը, որոնք արվում են այսօր Սյունիքի շուրջ, ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Իրանի կողմից ռեգիոնում մեծ բախմանը նախապատրաստվելու դիրքերից են արվում։ Այդ գործընթացում մենք, իհարկե, կտուժենք, կտուժի նաև Ադրբեջանը, որն այլևս որպես ինքնիշխան պետություն գտնվում է Թուրքիայի լիակատար ազդեցության ներքո։ Իրենց պարագայում գործարկվել է «մեկ ազգ - ճանապարհ դեպի մեկ պետություն» թեզը։ Բերձորում թուրք-ադրբեջանա-պակսիտանյան զորավարժությունները, Շուշիում ենթակառուցվածքների ու թունելիների կառուցումը, Ֆիզուլիի օդանավակայանը և Հորադիզով եկով ավտոմայրուղին դրանք թուրքական ազդեցության ու ներկայության ցուցիչներ են, որի հարցում ամենից մեծ անհանգստությունը իհարկե պետք է Իրանը ունենա։ Իրանը, որ ամեն առումով այսօր ու վաղուց պատրաստվում է այդ թվում մեծ ռազմական դիմակայության։ Եթե Իրանի-ՌԴ-ի Թուրքիայի (Մեծ Բրիտանիա) ու Ադրբեջանի շրջանակի միջև պայմանավորվածություն տեղի չունենա ու էսկալացիան հասնի ռազմականի, ապա բախումը օրակարգային կլինի և հենց այս համատեքստում կհնչի, իմ կարծիքով, սեպտեմբերի 21-ի հիմնական հարցը․ արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր պետությունը պաշտպանել։

ՄԱՍ 1․ Հողը, որ քչերին էր պետք

ՄԱՍ 2․ Անվտանգությունը, որն այսօր բացակայում է․ հայկական կողմի զինված ուժերի անձնակազմի ու ռազմատեխնիկական կորուստների ընդհանուր բնութագիրը

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր