copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:19 13-09-2021

«Թուրքական դպրոցն» ու Ադրբեջանի թուրքական կլանումը

Ադրբեջանում ստեղծվել է թուրքական հրամանատարության հատուկ խումբ՝ որպես այդ երկրում թուրքական զինված ուժերի հատուկ ներկայացուցչություն։ Խմբի կազմում ընդգրկված են 4 գեներալներ, և ղեկավարումը վերապահվել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման վարչության պետ Բահթիյար Էրսային, որը ներգրավված է եղել Արցախյան վերջին պատերազմի օպերատիվ ղեկավարման գործում։ Վերջինիս գլխավորած խումբը անմիջական մասնակցություն է ունեցել ռազմագործողությունների կազմակերպման մեջ։ Ակնհայտ է, որ նշված զինվորականների խումբը իր վրա շատ ավելի մեծ պարտականություններ է վերցրել, քան զուտ խորհրդատվական ներկայացուցչությունը։ Այն լինելու է ոչ միայն օպերատիվ օղակի առանցքային դերակատարը, այլև թուրքական բանակի «աչքը» ադրբեջանական զինված ուժերում։ Ամենայն հավանականությամբ, այն օժտված կլինի ավելի մեծ իրավասություններով, քան ադրբեջանական գլխավոր շտաբն ու բարձրագույն հրամկազմը։

Թեև 1990-ականներից սկսած թուրքական բանակի զինվորական խորհրդատուներն ու բարձրաստիճան զինվորականները ներգրավված են եղել ադրբեջանական ուժային համակարգում, հիմա կարող ենք խոսել արդեն ադրբեջանական բանակի «թուրքական կլանման» մասին։ Արցախյան վերջին պատերազմից հետո ընթանում է Ադրբեջանի ռազմաքաղաքական կլանման գործընթաց կամ այլևս արդեն այն կայացած իրողություն է։

Արցախի դեմ ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմում Թուրքիան ունեցավ ուղղակի, առանցքային ներգրավվածություն՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի։ Թուրքական ներգրավվածությունը վերաբերում էր ռազմական գործի բոլոր ոլորտներին՝ դոկտրինալից մինչև ռազմատեխնիկական, օպերատիվ-մարտավարական պլանավորումից և ղեկավարումից մինչև հետախուզություն։ Ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունների համակարգման, ղեկավարման և խորհրդատվության գործում ներգրավված է եղել թուրքական բանակի շուրջ 600 զինվորական, իսկ ռազմական գործողությունների ղեկավարմանը տեղում ներգրավվածություն են ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ցամաքային ուժերի հրամանատարը։ Չափազանց մեծ է եղել նաև ռազմատեխնիկական աջակցությունն ու սպառազինության մատակարարումները։ Սակայն, չենք անդրադառնա թուրքական աջակցությանը կամ ռազմատեխնիկական համագործակցության միտումներին, այլ այն գործոններին, որոնք արագացրին ու սահուն դարձրին այսպես ասած «թուրքական կլանումը»։

Այդ հարցում առանցքային նշանակություն է ունեցել հատկապես ռազմակրթական ոլորտում ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցությունը։ Թեև ռազմական կրթության ոլորտում համագործակցության հիմքերը դրվել են 1992թ.-ին, որակական ու քանակական առումներով այն նոր հուն մտավ հատկապես Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին 2010թ. ստորագրվածհայտնի համաձայնագրից հետո։ Երկու երկրների զինված ուժերի ներդաշնակեցման ու փոխգործակցության կարողությունների մեծացումը ակտիվացավ հատկապես 2012թ. հետո, երբ ռազմական տարբեր օղակների համատեղ զորավարժություններն աննախադեպ ինտենսիվություն ստացան։ Միայն 2019թ. տեղի է ունեցել համատեղ 13 զորավարժություն։ Նման ինտենսիվությունը պահպանվել և նույնիսկ մեծացել է պատերազմից հետո, երբ միմյանց հաջորդում են երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով զորավարժությունները, ինչպես օրինակ՝ օրեր առաջ մեկնարկած հատուկ նշանակության ուժերի վարժանքները այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի շրջանում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր այսպես կոչված «Եղբայրական բրիգադ» նախագծի մասին, որի նպատակը երկու երկրների զինված ուժերի համատեղ գործելու և ներդաշնակեցման կարողությունների մեծացումն է, ինչը ամրագրված էր նաև հունիսի 15-ի Շուշիի հռչակագրում, որով ռազմական ինտեգրացիայի հիմք էր դրվում։ Շուշիում ստորագրված հռչակագրով ամրագրվեցին երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, ռազմական փոխօգնության, ԶՈւ-ի համակարգված գործողությունների ու համատեղ գործելու կարողությունների բարձրացման դրույթները։

Տարիներ ի վեր զորավարժությունների անցկացումը ոչ միայն նպատակ է ունեցել մեծացնել ադրբեջանական բանակի օպերատիվ-մարտավարական կարողությունները, այլ նաև ծառայել է որպես յուրահատուկ «զինվորական սոցիալականացման» ու գաղափարական մշակման միջոց։ Ադրբեջանական բանակաշինության գործում առանցքային է եղել Թուրքիայի ռազմակրթական դերակատարությունը։ Թուրքական որոշ տվյալների համաձայն՝ 2019թ. վերջի դրությամբ Թուրքիայի ռազմա-ուսումնական հաստատություններն ավարտած, թուրքական զինվորականության կողմից վարժեցված ու տարբեր ծրագրերով վերապատրաստված ադրբեջանցի ուսանողների թիվը գերազանցում է տաս հազարը։ Սրանց մեջ բավական լուրջ թիվ են կազմում հատկապես սպայական ու ենթասպայական կազմերը։ Թուրքիան ոչ միայն կարողացել է իր լուրջ դերակատարությունը հաստատել Ադրբեջանի ուժային համակարգում, այլև ձևավորել ադրբեջանական ուժային համակարգում իր «ռազմական դպրոցը»։ Ադրբեջանցի կուրսանտները, որոնք ռազմական կրթություն են ստացել Թուրքիայում, այսօր ադրբեջանական բանակում ավագ և բարձր սպայական կազմերում են։ Թուրքական «ռազմական դպրոցն» արդեն ադրբեջանում ինստիտուցիոնալ առումով կայացած և որոշիչ գործոն է, ինչի հետևանքներն ու ազդեցությունը ռազմաքաղաքական տեսանկյունից երկարաժամկետ ու ռազմավարական բնույթ ունի։ Այն դիտվում է որպես հակակշիռ Ադրբեջանի ռուսական «ռազմական դպրոցին»։ Պատահական չէին պատերազմի ժամանակ հայտնված սկանդալային որոշ հրապարակումներ՝ Թուրքիայի ջանքերով Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեթթին Սադիղովի մեկուսացման ու Ադրբեջանում ռազմական գործողությունները համակարգող թուրք գեներալների հետ ունեցած «ընդհարումների» մասին։ Ի դեպ, Թուրքիայի իշխանություններին սպասարկող թուրքական պարբերականներից մեկը որոշ բացահայտումներ արեց՝ նշելով, որ Սադիկովը, լինելով «ռուսական դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ, ամեն կերպ սահմանափակում էր «թուրքական դպրոցի կայացումը», իսկ վերջինիս մեկուսացմամբ՝ «թուրքական դպրոցն» առավելություն ստացավ, ինչն էլ որոշեց պատերազմի ելքը։ Բացի այդ, հենց թուրքական կողմի (զինվորականության ու հատուկ ծառայությունների) ներկայացրած տվյալների ու պահանջի արդյունքում է մեկուսացվել Սադիղովը։

Այն, որ պատերազմից հետո արդեն «թուրքական դպրոցն» Ադրբեջանում դոմինանտ դիրքեր է զբաղեցնում, կասկածից վեր է, քանի որ տեղի է ունենում Թուրքիայի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական կլանում։ Պատերազմից հետո, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական բանակում իրականացված կադրային նշանակումներով առաջխաղացումներ են ունեցել «թուրքական դպրոցն» անցած զինծառայողները՝ ի հաշիվ ռուսական «գվարդիայի» ներկայացուցիչների։ Հիշենք, որ 2020թ. հուլիսին Տավուշի հատվածում ռազմական էսկալացիայի ժամանակ ոչնչացված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը, գնդապետ Իլգար Միրզաևը ու բարձրաստիճան 2 այլ սպաներ համարվում էին Թուրքիայում ռազմական կրթություն ստացած և «թուրքական դպրոցը» ներկայացնող զինվորականներ։

Թուրքիայի կողմից Ադրբեջանի ռազմական կլանումը ոչ միայն մեծացնում է Հայաստանի ու Արցախի գոյութենական սպառնալիքը, այլ նաև լիովին փոխում տարածաշրջանում Թուրքիայի դիրքավորումը այլ խոշոր խաղացողների մոտ։ Թե որքանով սա ձեռնտու կլինի երկարաժամետ առումով Ալիևի համար, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է մի բան՝ կրտսեր Ալիևը դժվար թե մոռացած լինի ավագ Ալիևի «հավասարակշռման» դժվարին ժամանակները։