copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:31 17-08-2021

Թուրքական զինվորականության վերաձևման ու քաղաքականացման էրդողանական օրակարգը

Նախորդ հոդվածում անդրադարձանք Թուրքիայի զինված ուժերի ինստիտուցիոնալ ինքնությանն առնչվող փոխակերպումներին, երբ բանակի ու զինվորականության գաղափարախոսական «վերամշակման» արդյունքում տեղի է ունենում զինվորականության ապաաշխարհիկացման ու իսլամականացման գործընթաց։ Զինվորականության դերակատարության չեզոքացման ու 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո վերջինիս ինքնավարությանն ու ազդեցիկությանը հասցված հարվածից հետո Էրդողանը համարեց, որ հասունացել է զինված ուժերն իր սեփական նախապատվություններին, առաջնահերթություններին ու գաղափարական կողմնորոշումներին համապատասխան վերաձևելու ժամանակը։ Ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտպանական համակարգում իրականացվեցին լայնամասշտաբ կառուցվածքային, օրենսդրական ու կադրային փոփոխություններ, որոնք, նախագահի լիազորությունների մեծացման հետ միասին, բանակի նկատմամբ վերահսկողություն և ուղղակի նախագահի կողմից աննախադեպ լծակներ ու լիազորություններ ստանալու հնարավորություններ տվեցին: Սրանք աննախադեպ փոփոխություններ էին, որոնք էականորեն կերպափոխեցին Թուրքիայի պաշտպանական համակարգը:

Օրեր առաջ տեղի ունեցավ Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստը, որում, ի թիվս այլ որոշումների, կատարվեցին մի շարք զինվորական նշանակումներ և առաջխաղացումներ։ Բարձրագույն ռազմական խորհուրդը զինվորական անձնակազմի պաշտոնների նշանակման, ազատման ու առաջխաղացման բարձրագույն մարմինն է, որը գումարվում է երկրի նախագահի գլխավորությամբ։ Խորհուրդը, բացի պաշտպանական ու անվտանգային քաղաքականության իրականացումից, զինված ուժերի ծրագրերի ու նպատակների իրականացմանը հետևելուց, բանակին առնչվող օրենսդրական նախագծերը դիտարկելուց, առանցքային դեր ուներ նաև բանակի բարձրագույն սպայական կադրերի նշանակման, առաջախաղացման ու ազատման լիազորություններում, կարևոր դեր ունի բանակում սպայական կադրերի ձևավորման հարցում։

Օգոստոսին Բարձրագույն ռազմական խորհրդի որոշումներով՝ գնդապետից գեներալի պաշտոնի բարձրացված 56 գնդապետներից միայն 10-ն են եղել շտաբային սպաներ՝ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ։ Պատկերն ավելի լուրջ է եղել ռազմաօդային ուժերում, երբ գեներալի պաշտոնի բարձրացված 11 գնդապետներից ոչ մեկը չի եղել շտաբային սպա։ Ավելին, 2016-2021թթ. ԲՌԽ-ի որոշումները վկայում են, որ Էրդողանի կառավարության կողմից գեներալի կոչման արժանացած ու պաշտոնի բարձրացված շատ քիչ թվով զինվորականներն են եղել «շտաբային սպաներ»՝ ի տարբերություն նախկինում գործած պրակտիկայի։ 2019թ․ ռազմական խորհրդի որոշմամբ՝ գեներալի առաջխաղացում ունեցած 23 գնդապետներից միայն 2-ն եղել «շտաբայիններ»։ Ցուցանիշն ավելի խոսուն է ռազմաօդային ուժերի պարագայում, քանի որ ռազմական հեղաշրջման փորձից հետո զգալի էին այդ զորատեսակում սպայական մաքրազտումները։

Սա նշանակում է, որ թուրքական հրամկազմում գնալով մեծանում է ավելի քիչ կրթված, որակավորում ունեցող բարձրաստիճան սպաների թիվը, փոխարենը մեծանում է իսլամամետ, նեոազգայնական ու, կարևորը, Էրդողանին հավատարիմ, հնազանդ զինվորականների թիվը։ Ապագայում գեներալների մեծ մասը կլինեն ոչ շտաբային, փոխարենը՝ պրո-ԱԶԿ-ական ու էրդողանամետ։ Իշխանությունները բանակի՝ իրենց նախապատվությամբ վերափոխելու համար հսկայական ջանք են գործադրել։ Բավական ուժեղ անձնական զննության են ենթարկվում սպայական առաջխաղացման ենթակա զինվորականները, որի իրավասությունն ու պարտականությունը դրվել է Էրդողանի հավատարիմ հենարանի համբավ ունեցող Հաքան Ֆիդանի ղեկավարած «Ազգային հետախուզական կազմակերպության» վրա։ Զննության նպատակը հակաէրդողանական սպաների առաջխաղացման բոլոր հնարավորությունները կանխելն է։ Ռազմական հեղաշրջման փորձից հետո բարձրագույն հրամկազմի մաքրազտումներն այդ հարցում տվեցին իրենց արդյունքը։ Նախագահական կառավարման համակարգին համապատասխանեցման նպատակով զինված ուժերի անձնակազմի մասին օրենքում կատարված փոփոխությունները լայն լիազորություններ տվեցին Էրդողանին, մասնավորապես կադրային հարցում միջամտությունների հետ կապված, ինչպես, օրինակ, սպաների ծառայության ժամկետների երկարաձգման, կրճատման, բանակից հեռացնելու լիազորությունների մասով: Թուրքական մամուլի համաձայն՝ նախագահը առանց ԲՌԽ-ի որոշման, բանակում ցանկացած բարձրագույն սպայական առաջխաղացման և հեռացումներ իրականացնելու լիազորություններ է ստացել:

Այս միտումն սկսվեց 2016թ. հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ սկսվեցին զինվորականության լայնամասշտաբային մաքրազտումները։ Բանակից հեռացվեց, ձերբակալվեց զինված ուժերի գեներալների մոտ 45 տոկոսը։ Սակայն պարզվում է, որ իրականում այդ թիվն ավելի մեծ է, քան հրապարակվել է, քանի որ իշխանությունների կողմից հարկադրաբար թոշակի ուղարկելու, բանակից սեփական կամքով դուրս գալու փաստերը շատ են։

Դրա հետ մեկտեղ էական վերաձևման ենթարկվեց բավական կայացած ռազմական կրթության համակարգը։ Նպատակը զինված ուժերի ու զինվորականության տոտալ վերահսկելիություն ապահովելն էր, ինչի ուղղությամբ հետևողական քայլեր իրականցվեցին։ Հեղաշրջման փորձին հաջորդող օրերին ռազմական վարժարանները, ուսումնարաններն ու ակադեմիաները փակվեցին և հետագայում վերաբացվեցին արդեն պաշտպանության նախարարության ներքո ստեղծված Ազգային պաշտպանական համալսարանին կից: Բացի կառուցվածքային այդ փոփոխություններից՝ վերանայման են ենթարկվում նաև ռազմաուսումնական ծրագրերը, որոնք քաղաքացիականացվելու են և դրանց մշակման գործում ներգրավվելու են Բարձրագույն կրթության խորհուրդն ու Ազգային կրթության նախարարությունը:

Վերջին տարիներին գնալով ավելանում է քաղաքացիական բուհերից պայմանագրային ծառայության անցնող սպաների թիվը բանակում, ինչը բերում է քաղաքական ու արժեհամակարգային բազմազանության, քանի որ բանակն էր առավելապես ռազմական կրթության ջանքերով ստանդարտիզացնում երիտասարդ սպայակազմը: Բանակի սպայակազմի հիմքը կազմող ռազմական ակադեմիաների շրջանավարտ-սպաների թիվը վերջին 5 տարիներին էականորեն նվազել է՝ 90%-ից հասնելով 60%-ի, ինչը պայմանավորված է առավելապես քաղաքացիական հաստատություններից ծառայության անցած պայմանագրային սպաների թվի աճով։

Նախկինում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցած սպաների դեպքում գործել է գեներալական առաջխաղացման սահմանափակում, որը տրված էր միայն ռազմական կրթություն անցած զինվորականներին։ Այս կարգը խախտվեց 2016թ. հեղաշրջման փորձից հետո, երբ ճանաչվեց ԲՌԽ-ի որոշմամբ բոլոր սպաների գեներալի պաշտոնի ու կոչման անցնելու հնարավորությունը, ինչը մեծ հնարավորություն տվեց իսլամամետ իշխանություններին մաքրազտումների արդյունքում բանակից հեռացված սպաներին փոխարինել գաղափարական-արժեքային կողմնորոշիչներով իրենց հարմար ու լոյալ, հավատարիմ զինվորականներով՝ ապահովելով նրանց հետագա առաջխաղացումը։ Նշվածի վառ օրինակներից էր ծովակալի կոչման արժանացած և Ռազմածովային մատակարարման հրամանատարի պաշտոնում նշանակված Մեհմեթ Սարըի դեպքը, երբ 2021թ. լուրջ աղմուկ բարձրացրեց իսլամական թարիքաթներից մեկում իր այցելության ժամանակ «կրոնական համազգեստով» արված նրա լուսանկարը։

Էրդողանի կառավարությունը նպատակ ունի հաստատել զինված ուժերի նկատմամբ քաղաքական հսկողություն և ոչ թե քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողություն, քանի որ խորհրդարանի այդ մեխանիզմները բավական թույլ են, փոխարենը՝ գործադիր իշխանությունն ու նախագահն են ստանձնում լուրջ դերակատարություն այդ հարցում: Որպես այս ամենի ռիսկային հետևանք՝ զինված ուժերը կդառնան ավելի քաղաքականացված ու կուսակցականացված։ Բանակում կադրային նշանակումները և առաջխաղացումները, որոնք իրականացվում են իշխանությունների ուժեղ վերահսկողությամբ, կատարվում են քաղաքական նկատառումներով, որպեսզի իշխող կուսակցությունը մեծացնի հսկողությունը, բանակը դարձնի իր հենարանն ու հավատարիմ գործիքը, ինչը հանգեցնում է զինվորականության էրդողանական օրակարգով քաղաքականացմանը և քաղաքական իշխանության ու հրամկազմի սերտաճմանը, ինչն իր անդրադարձն է ունենում նաև այդ երկրի արտաքին ու անվտանգային քաղաքականության վրա։

Լևոն Հովսեփյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

Ձեզ գուցե հետաքրքրի