copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:15 17-07-2021

Արգիշտի Քյարամյան․ հեղափոխության թշվառությունը՝ առանց պերճանքի

Մեր հայրենիք, թշվառ, անտեր․․․

Միքայել Նալբանդյան

Պատմական մեծ իրադարձություններն ու հատկապես հեղափոխությունները, առաջնորդներից բացի, ծնում են նաև իրենց ժամանակաշրջանը խորհրդանշող դեմքերի։ Նրանք մի կողմից դառնում են իրենց ժամանակի հատկանիշների մարմնացումը, մյուս կողմից՝ միտք, աշխարհայացք, ճաշակ ու սկզբունքներ են փոխանցում իրենց ժամանակին։ Ֆրանսիական հեղափոխությունից մնացին Դանթոնի, Ռոբեսպիրերի, Մարատի, Ռուսականից՝ Տրոցկու, Շահումյանի, Կամենևի և այլոց անունները։

Պատմության երկրորդ էշելոնի դեմքերը նախ գաղափարների խորհրդանիշներ են՝ եղբայրություն, հավասարություն, սոցիալիզմ ևն, ապա նաև մարդկային հատկանիշներ են մարմնավորում՝ խիզախություն, կամք, անձնազոհություն, խորամանկություն, և հենց վերջինիս շնորհիվ դառնում են օրինակներ հասարակության լայն շերտերի ու հատկապես հաջորդ սերունդների համար։

2018-ից իշխանական աթոռները զբաղեցնողները վստահեցնում են, որ իրենք իշխանության են եկել հեղափոխության շնորհիվ։ Ճիշտ է՝ այդ հեղափոխությունը չուներ ոչ մի գաղափար, եթե իշխանատենչությունը գաղափար չհամարենք, բայց ուներ առաջնորդ և երկրորդ էշելոնի գործիչներ, որոնք պատրաստ էին թողնել իրենց անհոգ կյանքը, հիմնականում՝ մանկությունը և պատանեկությունը, ու մտնել ակտիվ քաղաքականությունը։ Շատ կարճ ժամանակ անց նրանց մի մասը ուժասպառ եղավ, մյուսը՝ վարկաբեկվեց, որոշները ձերբակալվեցին կոռուպցիայի պահին, բայցամենից աննկունը, որը, հակառակ բոլոր անհաջողություններին, աննահանջ շարունակեց իր կարիերան և իրավամբ պետք է համարել հայկական հեղափոխության խորհրդանիշը, Արգիշտի Քյարամյանն է։

Միայն վերջինիս պաշտոնների թվարկումը ցույց է տալիս, որ նա գուցե հեղափոխությունից ավելի է շահել, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը․ դատախազ, ՊԵԿ տարբեր վարչությունների պետ,ՊՎԾ պետի տեղակալ, ապա պետի պաշտոնակատար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ պետի տեղակալ, ԱԱԾ պետ, Քննչական կոմիտեի պետ։

Եկեք հասկանանք, թե ինչի խորհրդանիշն է Արգիշտի Քյարամյանը․ որ հատկանիշներն է ժամանակը նրան տվել, և ինչ որակներ է նա տալու Հայաստանին։ Կարելի է ենթադրել, որ նա նախ հավատարմության խորհրդանիշն է, որովհետև ակնհայտ է, որ հեղափոխության առաջնորդ Փաշինյանը չափազանց կասկածամիտ է, իսկ նման կասկածամտության պայմաններում անընդհատ բարձր պաշտոնների նշանակվելը ապացուցում է, որ հավատարմության այնպիսի մի գաղտնի ծես է եղել, որ բեկման ենթակա չէ (ի դեպ, Վահան Տերյանն իր նամակներից մեկում գրում է, որ ոչինչ այնպես չի մտերմացնում մարդկանց, ինչպես համատեղ գործած հանցանքը)։

Մյուս հատկանիշը, որը բնութագրում է Քյարամյանին, ոչ պրոֆեսիոնալիզմն է։ Նա հանձն է առնում իրավապահ և ուժային կառույցներում պաշտոններ, որոնք, տեսական գիտելիքներից ու նեղ մասնագիտացումից բացի, նաև պրակտիվ հմտություններ ու փակ կոլեկտիվում երկարատև աշխատանք են ենթադրում։ Հատկանշական է, որ Հայաստանում գրեթե ամենուր ու հատկապես պետական-քաղաքական միջավայրում տասնամյակներ շարունակ հավատարմությունը շատ ավելի կարևոր հատկանիշ է եղել ու կա, քան պրոֆեսիոնալիզմը։

Արգիշտի Քյարամյանը, ներկայիս և նախկին աշխատանքների բնույթով պայմանավորված, չափազանց քիչ է խոսում։ Բայց երբ նա նոր էր նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ, ապա պետի պաշտոնակատար, ստիպված եղավ ունեցվածքի հայտարարագիր ներկայացնել և պատասխանել լրագրողների հարցերին։ Պարզվեց, որ նա վեթինգի արժանի ունեցվածք ունի, որը նրան են ուղարկել Բելգիայում ապրող իր բարեկամները։ Այստեղ տեսնում ենք ևս մի կարևոր հատկանիշ, որոնք խորհրդանշվում են Քյարամյանով՝ կոռուպցիա, «կրուտիտ» և երկակի ստանդարտներ յուրայինների հանդեպ։

Մյուս երևույթը, որի խորհրդանիշն է Քյարամյանը, անպատասխանատվությունն է։ Հայաստանում երբեք իշխանությունների սիրելիները պատասխանատու չեն եղել իրենց ձախողումների համար։ Բայց 2018-ից հետո այս միտումը դարձել է օրինաչափություն։ Իսկ օրինաչափության մարմնավորումը Քյարամյանն է։

Եվ վերջապես, Արգիշտի Քյարամյանը խորհրդանշում է այն, թե ինչպես են հայերը և հատկապես Հայաստանի ղեկավարներն ընկալում օրենքը․ օրենքը Հայաստանում մի բան է, որը պետք է ջարդվի ընդդիմադիրների գլխին, իսկ յուրայինների համար որոշակի աճպարարությամբ պետք է շրջանցել։ Օրինակ՝ վարչապետի հրաժարականը ամենևին չի նշանակում, թե վարչապետը հեռանալու է, կամ եթե խորհրդարանը չի ընտրում վարչապետին, դա չի նշանակում, որ չեն պաշտում վարչապետին, այլ դա մի աճպարարական հնարք է արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Նույնկերպ եթե մարդը նշանակվում է մեկ օրով ՔԿ նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ պետի տեղակալ, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդն աշխատաելու է այդտեղ, դա նշանակում է, որ նրան մեծ ապագա է սպասում։

Բայց այս բոլոր հատկանիշներն ու երևույթները կարելի է միավորել մեկ բառի մեջ՝ թշվառություն․ Հայաստանի թշվառությունը, որի խորհրդանիշն է Քյարամյանը, և Քյարամյանի թշվառությունը, որը խորհրդանշում է հեղափոխությունը։

Գևորգ Էմին-Տերյան