copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:30 14-07-2021

Թուրքական զինվորականության իսլամականացման էրդողանական օրակարգը կամ բանակի պակիստանացումը

Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության իրականցման հարցում առանցքային տեղ է հատկացնում ուժային գործոնին՝ չվարանելով իր հարևան տարածաշրջաններում ռազմական ներուժի կիրառման հնարավորություններից։ Անշուշտ, վերջին տասնամյակում թուրքական բանակն ու պաշտպանական համակարգը էական վերափոխումների են ենթարկվել՝ ռազմատեխնիկական-կրթականից մինչև կազմակերպակառուցվածքային ոլորտներ։ Այդ վերափոխումների համատեքստում ընթանում է նաև բանակի ու զինվորականության գաղափարախոսական «վերամշակման» գործընթաց, ինչն իր ուղղակի և անուղղակի առնչությունն է ունենում այդ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ու անվտանգային քաղաքականության վրա։ Խոսքը վերաբերում է զինվորականության ու բանակի իսլամականացմանը, երբ իսլամը՝ որպես գաղափարախոսական-արժեքային համակարգ, ներթափանցում է բանակ գործող վարչակարգի խրախուսման ու պարտադրման արդյունքում։ Իսկ էրդողանական Թուրքիայի դոմինանտ գաղափարախոսական առանցքն իսլամական ազգայնականությունն է։ Այսօր վերլուծական քննարկումներում Թուրքիայի իսլամականացման թեման թրենդային է։

Զինվորականությունն ու գլխավոր շտաբը հանրապետական Թուրքիայում ավանդաբար համարվել են քեմալիզմի կրողն ու այդ արժեքային համակարգի երաշխավորը՝ կանխելով և թույլ չտալով դրանից շեղումներ հասարակական-քաղաքական կյանքում։ Իսկ աշխարհիկությունն առանցքային այն բաղադրիչն էր, որի վրա կառուցվում էր պետության ու հասարակության արդիականացումը։ Աշխարհիկությունը ֆիքսված «կարմիր գիծ» էր թուրքական զինվորականության համար, որի հատելն ուղղակի լրջագույն հետևանքներ էր ունենում։ Զինվորականությունն աշխարհիկության պահպանությունը ձևակերպել էր որպես ազգային անվտանգության հրամայական։ Բանակի գլխավոր շտաբը բավական հետևողական էր բանակում իսլամական գործոնի ազդեցությունն ամեն կերպ թույլ չտալու հարցում: Իրեն համարելով որպես քեմալական ազգային պետության հիմնադիր ու խնամակալ՝ հատկապես 1960 թ. ռազմական հեղաշրջումից հետո զինվորականությունը վճռական էր տրամադրված կանխելու իսլամական տարրերի ներթափանցումները զինված ուժեր։ Գլխավոր շտաբը հսկում էր զինվորական անձնակազմի նույնիսկ անձնական տիրույթն ու գործունեությունը և քեմալական ազգային ուղեգծից շեղումների դեպքում հեռացնում բանակից։ Իսլամական հետադիմականությունը, սահմանելով որպես պետության համար ազգային անվտանգության խնդիր, զինվորական հրամանատարությունը հետևողականորեն մաքրազտումներ էր իրականացնում սպայական կազմում, երբ բացահայտվում էին վերջիններիս կրոնամետ մոտեցումներն ու կապերն իսլամական միաբանությունների հետ: Հեռացվում էին նույնիսկ կրոնական գլխաշոր կրող կին ունեցող սպաները։ Այս կերպ թուրքական զինվորականությունն ապահովում էր իր քեմալական ինքնությունն ու արժեքային միասնականությունը, ինչպես նաև սրանից բխող քաղաքական ազդեցիկ դերակատարությունը։

Իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին աստիճանաբար սահմանափակվեց զինվորականության ազդեցիկ քաղաքական դերակատարությունը, չեզոքացվեց գլխավոր շտաբի ազդեցիկ ինքնավարությունը։ Անշուշտ, 2009-2010 թթ. կարելի է համարել ԱԶԿ-ի կողմից իր իշխանության բազայի ամրապնդման ժամանակաշրջան, երբ ընթանում էր աշխարհիկ-քեմալիստական շրջանակների ու կադրերի դուրսմղման գործընթաց՝ դրանք փոխարինելով ԱԶԿ-ամետ և իսլամամետ տարրերով: Այդ շրջանում էր նաև, որ բանակի հրամանատարությունը գտնվում էր բավական բարդ իրավիճակում՝ դատական գործընթացների շրջանակում: Իսկ արդեն 2016 թ. ձախողված ռազմական հեղաշրջումն ազատեց Էրդողանի ձեռքերը՝ իսլամականացման օրակարգն անկաշկանդ կերպով թելադրելու նաև բանակին։ Պաշտպանական համակարգում և բանակում տեղի ունեցան այնպիսի աննախադեպ վերափոխումներ, որոնք նախկինում հնարավոր չէր անգամ պատկերացնել։ Իշխանությունների օրակարգը սպասարկող մամուլն ու վերլուծական շրջանակները զինված ուժերում և պաշտպանական համակարգում իրականացվող ընդգրկուն վերակազմավորումների համատեքստում ընդգծում էին նաև բանակի արժեքային վերափոխման անհրաժեշտության հանգամանքը՝ նշելով, որ Թուրքիայի մուսուլման հասարակությունը քեմալիստ չէ, որ զինված ուժերն ու պետությունն էլ պարտադրված քեմալիստական սկզբունքներով ու հիմքերով զարգանան: Իշխանություններին սպասարկու մամուլն ու հրապարակախոսներն անցան գործի, ինչն էլ ավելի էր «լեգիտիմացնում» էրդողանական տեսլականը։ Քեմալական արժեքաբանության վրա հիմնված բանակը վկայակոչվում էր որպես կեղծ դիմագծի և ճշմարտանման բռնության վրա հիմնված կայսրություն: Իշխանամետ մամուլն ակտիվորեն սկսեց առաջ մղել բանակը ներկայիս Թուրքիայի սոցիալ-հասարակական, մշակութային իրողությունների, այն է՝ իսլամականության մեջ դիտարկելու հրամայականը: Զինվորականության դերակատարության թուլացման և 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո վերջինիս ինքնավարությանն ու ազդեցիկությանը հասցված կործանարար հարվածից հետո Էրդողանը համարեց, որ հասունացել է զինված ուժերն իր սեփական նախապատվություններին, առաջնահերթություններին ու գաղափարական կողմնորոշումներին համապատասխան վերաձևելու ժամանակը։ Էական վերաձևման ենթարկվեց ռազմակրթական համակարգը, սկսեց աճել իսլամական հայացքներ կրող և կրոնական կենսակերպ վարող ռազմական կուրսանտների թիվը:

Բացվեց իմամ-հաթիփ դպրոցների շրջանավարտների՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունը, ինչը, փաստորեն, կրոնական սպասավորներ պատրաստող դպրոցների շրջանավարտների համար սպայական առաջխաղացում ապահովելու դռներ բացեց: Սրանով վերացավ թուրքական բանակի համար զգայուն թեմաներից մեկը համարվող և մշտապես կիրառված արգելանքը: Էրդողանը քանդեց բանակի կարևորագույն տաբուներից մեկը։

Վերացվեց ընդհանրապես բանակում կրոնական գլխաշորի արգելանքը, ըստ որի՝ գլխավոր շտաբում, հիմնական զորատեսակներում և այլ ստորաբաժանումներում ծառայող կին զինծառայողները, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում ուսանողները կարող են կրել գլխաշոր։ Հիշենք, որ դեռ 1-2 տասնամյակ առաջ բանակից հեռացվում էին այն զինվորականները, որոնց ընտանիքի անդամներից գլխաշոր կրողներ էին լինում։ Էլ չասած, որ կարող էին պետական հաստատությունում գլխաշորով կնոջ հետ Լինչի դատաստան տեսնել կամ նույնիսկ արհամարհել երկրի առաջին տիկնոջը, որը գլխաշոր էր կրում։ Թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին Էրդողանի նախաձեռնությամբ զինված ուժերում «մասսայական աղոթքների» նախկինում եղած արգելանքի վերացման մասին։ Կառավարության կողմից պետական հաստատություններում ուրբաթօրյա աղոթքի դյուրացման շրջաբերականից հետո գլխավոր շտաբի կողմից ևս քայլեր իրականացվեցին բանակում զինվորականների համար աղոթքի ազատականացման և հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։

Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նախագահ Էրդողանին ուղեկցող գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը (ներկայումս պաշտպանության նախարար) վերջինիս հետ միասին «փոքր ուխտագնացություն» (ումրա) կատարեց, ինչը Թուրքիայի Հանրապետության համար աննախադեպ երևույթ էր: Նման քայլն ավելի շատ խորհրդանշական բնույթ էր կրում, և բանակի առաջին դեմքի արժեքային նախապատվություններն ի ցույց դնելու նպատակ ուներ: Մի քանի անգամ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ Հուլուսի Աքարը, մեծարման այցեր կատարեցին իսլամականության գաղափարախոս-հրապարակախոսներին, որոնք հայտնի են իրենց խիստ հակաքեմալական հայացքներով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց քեմալական-աշխարհիկ շրջանակում ու մամուլում։ Զորամասերում սկսեցին խրախուսվել մասսայական աղոթքները, կառուցվել նոր մզկիթներ, քննարկվել «գումարտակային իմամների» ինստիտուտի ներդրումը և այլն։

2020 թ. վերացվեց դեռևս 1960 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում չեղարկված «կրոնական սպայության» ինստիտուտի արգելանքը։ Բոլոր զորատեսակներում սկսեց ներդրվել այսպես կոչված «գումարտակային իմամների» ինստիտուտը, ինչը ենթադրում է կրոնական սպաների առկայություն բանակում՝ որպես բարոյական, արժեքային, դաստիարակչական ու խորհրդատվական գործառույթներ իրականացնող զինվորականների։ Իշխանություններին սպասարկող իսլամական պարբերականը, որը երկար ժամանակ ապահովում էր «գումարտակային իմամների» լոբբինգը, ոգևորությամբ ազդարարեց իր և «արդարության հաղթանակի» մասին։ 2021 թ. վերացվեց զինված ուժերի անձնակազմի (սպայական, ենթասպայական) համալրման հարցում հետադիմականության (կրոնականության) հետ երբևէ առնչություն չունենալու պարտադիր պայմանը, իսկ սպայական ու ենթասպայական արագացված կուրսերի ուղեցույցներից հանվեց Աթաթյուրքի անունը։ Հիշենք, որ կրոնականության հետ որևէ զինվորականի փոքրիշատե կապի բացահայտումը նշանակում էր իր «պրոֆեսիոնալ վախճան»։

Այս տարվա ապրիլին Թուրքիայի քաղաքական ու տեղեկատվական դաշտը ցնցվեց բավական ուշագրավ մի տեղեկատվությամբ։ Պաշտոնաթող 103 ծովակալներ տարածեցին իշխանություններին ուղղված քննադատական հայտարարություն, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց իշխանական շրջանակում։ Թոշակառու զինվորականների հայտարարության մեջ անհանգստություն էր հայտնվում Մոնտրյոյի կոնվենցիայի շուրջ ծավալվող քննարկումների և կառուցվող Ստամբուլի ջրանցքի վերաբերյալ, ինչպես նաև զգուշացվում սահմանադրության հիմնարար արժեքներից չշեղվելու մասին, որն առաջին հերթին վերաբերում է երկրի աշխարհիկ կարգերին։ Հայտարարության առանցքը քեմալիզմի՝ Աթաթյուրքի նախանշած ուղուց շեղվելու վերաբերյալ անհանգստությունն էր, մասնավորապես՝ «զինված ուժերը և ռազմածովային ուժերը Աթաթյուրքի ուղուց հեռացած լինելն ի ցույց դնելու ջանքերի» դատապարտումը։ Զինվորականությունը հայտարարությամբ նաև առանցքային էր համարում «ռազմածովային ուժերի անձնակազմի դաստիարակումն Աթաթյուրքի սկզբունքներին ու հեղափոխությանը համապատասխան»։ Այդ հայտարարությունը պաշտոնաթող զինվորականության՝ երկրում իսլամականացման միտումների վերաբերյալ բողոքի ձայնն էր, քանի որ Էրդողանը ոչ միայն էական վերաձևումների է ենթարկել քեմալական արտաքին քաղաքականության սկզբունքներն ու մոտեցումները, այլև խարխլել քեմալիզմի ու աշխարհիկության հիմքերը՝ երկիրը մղելով իսլամականացման ուղեծիր։ Ծովակալների այդ հայտարարությունը բացահայտ փաստում էր զինված ուժերի իսլամականացման միտումների մասին։ Իշխանություններն ու իշխանամերձ մամուլն այդ հայտարարությունը որակեցին որպես «հեղաշրջման կոչ, հուշագիր», որը նմանվում էր գլխավոր շտաբի նախկին հուշագրերին։ Զինվորականների հայտարարության պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը, ծովակալ Մեհմեթ Սարըի՝ իսլամական թարիքաթներից մեկում կրոնական համազգեստով արված լուսանկարի տարածումն էր, որը բնորոշվեց որպես «անընդունելի»։ Քեմալիստական ու աշխարհիկ շրջանակներն այդ լուսանկարն ու զինվորականության անհանգստությունը որակեցին որպես «թուրքական բանակի պակիստանացման վտանգի», աշխարհիկությունից իսլամականացման դրսևորում։

Որոշ վերլուծաբանների պնդմամբ, պահպանողական մեծամասնությունն այժմ հավատացած է, որ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակը որոշ առումով սկսել է թոթափել աշխարհիկության բեռը, մի գործընթաց, որին քաղաքական էլիտան անպայմանորեն պետք է աջակցի։ Թուրքիայում հասարակական, սոցիալ-մշակութային, արժեքային կերպափոխումներն այս կամ այն կերպ իրենց անդրադարձն են ունենում բանակի ինքնության ու ռազմական մշակույթի վրա, սոցիալ-մշակութային, գաղափարախոսական տիրապետող արժեքները առավել դյուրին են թափանցում բանակ, քանի որ վերջինս զրկվել է իր ինքնավարությունից և դրանից բխող հակազդման լծակներից: Իսկ Էրդողանը, բնականաբար, ամեն ինչ անում է զինվորականությունն ու զինված ուժերն իր արժեքային-գաղափարախոսական ազդեցության դաշտ բերելու համար։

Լևոն Հովսեփյան

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ