Երևան +15°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:28 08-07-2021

Գործարկի՛ր կապիտալդ․ ներդրումներ, կրիպտոարժույթ, ստարտափ

Ռիսկային ներդրում՝ ռիսկային հաջողություն

Անկայուն տնտեսական իրավիճակում ֆինանսական ներդրում անելիս ռիսկերը բավականին մեծ են, հետևաբար մի կողմից մեծանում է հնարավոր կորստի, մյուս կողմից՝ հնարավոր օգուտի հավանականությունը։ Ոչ կայուն տնտեսական ժամանակաշրջանում մարդիկ ձգտում են ներդրումներ կատարել այնպիսի ոլորտներում, որոնք չեն կարող էական տատանումների ենթարկվել։ Օրինակ՝ Հայաստանում նման ոլորտ է բանկային համակարգը։Դրա մասին է փաստում 2008 թվականի ճգնաժամը, երբ, զարմանալիորեն,նման բարդ իրավիճակում բանկային համակարգում ավանդների թիվն էականորեն աճեց։ Մարդիկ, իրավիճակը վերլուծելով, տեսան, որ ամենաքիչ ռիսկային ոլորտը բանկային համակարգն է։ Նրանք իրենց ֆինանսական միջոցները ներդրեցին հենց այդ ոլորտում։ Բնականաբար, այն մարդիկ, որոնք ձգտում են արագորեն ստանալ մեծ շահույթ, տնտեսական ցիկլային տատանումների ժամանակ ներդրումներ են կատարում ռիսկային ոլորտներում։ Նրանք, իհարկե, կարող են հաջողություն ունենալ, սակայն նման ոլորտներում մեծ է նաև կորստի հավանականությունը։

Կանոնավոր շահույթ՝ ոչ ռիսկային ոլորտներում

Յուրաքանչյուր մարդ ռիսկի գնալու տարբեր հակումներ ու պատրաստակամություն ունի։ Եթե մարդ պատրաստ չէ ռիսկի դիմել, պետք է ընտրել ամենամեծ շահութաբերություն ապահովող ոչ ռիսկային ոլորտը՝ պետական պարտատոմսեր, գանձապետական մուրհակներ, բանկային ավանդներ։ Հայաստանի Հանրապետության համար զարմանալիորեն, ի լրումն վերո նշվածի, քիչ ռիսկային ոլորտ է նաև անշարժ գույքի շուկան։ Նույնիսկ երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, անշարժ գույքի շուկայական գները տատանումների հետ մեկտեղ էականորեն չեն իջնում։ Երևույթն ունի մի քանի պատճառ: Առաջինը պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձն է եկամտային հարկից, մյուսը ոլորտում թույլ մրցակցությունն է:

Կրիպտոարժույթը՝ լավագույն հնարավորությո՞ւն, թե՞ աներաշխիք քայլ

Կրիպտոարժույթն էլեկտրոնային արժույթի տեսակ է, որի գոյությունը հիմնված է գաղտնագրված մեթոդի վրա։ Այն նյութապես գոյություն չունի, չի վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից և որևէ ձևով կապված չէ տնտեսության հետ։ Կրիպտոարժույթն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։ Առավելություններից մեկն այն է, որ մուտքային սահմանափակումներ չկան։ Նույնիսկ անչափահասը կարող է օգտվել շուկայից։ Երկրորդ առավելությունը գաղտնիությունն է, մյուսը՝ ապակենտրոնացումը և սահմանափակ լինելը։

Ցանկացած երևույթ, որը հիմնված է գաղտնիության վրա երբևէ հաշվառելու կամ ուսումնասիրելու մեծ հնարավորություն չի տալիս։ Հետևաբար, որևէ մեկը չի կարող ասել, օրինակ, Հայաստանում ովքեր են շահում կամ տուժում կրիպտոարժութային գործարքներից։

Կրիպտոարժույթի հետ աշխատելիս պետք է հաշվի առնել, որ փոխարժեքն անկայություն է, չկան թողարկողի երաշխիքներ։ Չկա թողարկող՝ գոյություն չունի երաշխիք։ Մի քանի տարի առաջ Google-ը սահմանափակեց կրիպտոարժույթի գովազդը, ինչի արդյունքում դրա արժեքը էականորեն իջավ։ Վերջին ժամանակաշրջանում «Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարեց, որ իր մեքենաներն այլևս չի պատրաստվում վաճառել բիթքոյնով, ու դրա գինը անմիջապես նվազեց 15 տոկոսով։ Քանի որ կրիպտոարժույթը չունի տնտեսական հիմք, դրա արժեքը հիմնված է միայն պահանջարկի, երբեմն նաև ստվերային գործարքներ ֆինանսավորելու համար, ինչպես նաև տարբեր հայտարարությունների վրա։

Կրիպտոարժույթի անպաշտպանությունը

Եթե նայեք վիճակագրությունը, շատ մարդիկ գաղտնագիրը կորցնելու արդյունքում կորցնում են իրենց հիմնական էլեկտրոնային միջոցները։ Կամ հակերային հարձակումների ընթացքում որոշ բորսաներ կրիպտոարժույթի միլիոնավոր կորուստներ է կրել։ Ոչ ոք չի կարող պաշտպանել մարդկանց նման երևույթներից, քանի որ կրիպտոարժույթի շրջանառությունն անվերահսկելի է:

Կրիպտոարժույթի առևտուրն ավելի ռիսկային է, քան ստեղծումը ։ Սակայն ստեղծումն էլ կապված է ծախսերի հետ, քանի որ պետք է վարձակալել մայնինգ կենտրոններից համապատասխան ռեսուրսներ, սպառել ժամանակ և միջոցներ, որի ընթացքում կրիպտոարժույթի գինը կարող է այնքան իջնել, որ չփակի անգամ կատարած ծախսերը։

Կրիպտոարժույթի վտանգը տնտեսության համար

Տարբեր պետություններ օրենսդրորեն չեն ընդունում կրիպտոարժույթը, որովհետև կա հիմնականում երկու խնդիր՝ կրիպտոարժույթը չի կարգավորվում Կենտրոնական բանկի կողմից և գաղտնիության պատճառով այն հնարավոր չէ հաշվառել՝ հարկեր գանձելու համար։ Պետությունները հիմնականում ձեռնպահ են մնում իրենց քաղաքացիներին կոչ անել օգտագործել կրիպտոարժույթներ, որովհետև դաշտը չի կարգավորվում ոչ մի պետական մարմնի կողմից։

Պետության հիմնական խնդիրն իր հասարակության բարեկեցության ապահովումն է։ Դրա համար սահմանվում է որոշակի վճարման միջոց՝ ազգային արժույթ, որի տատանման կարգավորման համար պետությունն ունի համապատասխան գործիքներ։ Եթե, օրինակ, ՀՀ-ում գոյություն ունի գնաճ, փոխարժեքի տատանում, պետությունը հնարավորություն ունի մեղմելու դրա ազդեցությունը տարբեր գործիքների միջոցով։ Եթե բոլորը փողի փոխարեն սկսեն օգտագործել կրիպտոարժույթ, որի գներն էականորեն տատանվում են տնտեսությունից անկախ, ապա վատագույն տարբերակում հասարակությունը մի օրում կարող է կայծակնային արագությամբ աղքատանալ։

Սակայն, ակնհայտ է, ինչպես նաև ես համոզված եմ, որ էլեկտրոնային արժույթի ոլորտը զարգանալու է, և վերջին հաշվով պետք է գտնվի օրենսդրության այն շրջանակը, որը հնարավորություն կընձեռնի կարգավորելու այս երևույթը։

Նորարարությունը՝ ՀՀ տնտեսության զարգացման հիմնական ուղին

Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղին նորարարությունն է։ Յուրաքանչյուր նոր սկիզբ ռիսկային է։ Բայց տնտեսության զարգացման հեռանկարն ուղղակիորեն կապված է նորարարական մոտեցումների հետ։ Այսօր լավագույն ժամանակն է ձեռնարկել նորարարական նախագծեր կամ մասնակից դառնալ դրանց։

Ճիշտ ներդրում կատարելու ու շահույթ ստանալու գրավականը կրթությունն ու գիտելիքն են

Զարգացած երկրներում կրթությունը և գիտելիքը հաջողության հասնելու հիմնական բանալին և գրվականն են։ Այն ֆիզիկական անձը, որը տիրապետում է ֆինանսական և տնտեսագիտական գիտելիքների, ունի նախնական կապիտալ և պատրաստ է ռիսկի դիմել, հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունն ունի: Եկե՛ք ներդրումների հարցում հույսներս չդնենք բախտի վրա, կրթվենք և գիտելիք ստանանք։

Հայկ Մնացականյան